Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Իսկ ես ջինսով էի գնացել «Հարսնաքար»

Իսկ ես ջինսով էի գնացել «Հարսնաքար»
01.07.2012 | 22:39

Մեր հասարակության դեռևս առողջ մնացած շերտին մայոր Վահե Ավետյանի ողբերգական մահը և դրան առնչվող պարագաների խայտառակ պատկերը մարսելու համար մեծ ուժ ու երկար ժամանակ է հարկավոր: Ինչո՞ւ միայն առողջ շերտին, որովհետև օր օրի պարարտացող տխեղծ-անառողջը (իմա` օլիգարխիան` իր մերձավոր և հեռավոր շրջապատով) ի վերուստ ապահովագրված է «խայտառակ» բառի բառարանային սահմանումն ընկալելու ավելորդ անհարմարությունից` շնորհիվ սեփական կյանքի պարագաների բարեպատեհ դասավորության և բարոյական չափանիշներն ու պատկերացումներն ընկալելու իր բացառիկորեն ինքնատիպ «ձիրքերի»: Երբ տարիներ առաջ Ռուբեն Հայրապետյանը բազմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեցայի նախագահի աթոռին, սեփական դժբախտությունների վրա ծիծաղելու բացառիկ հատկանիշով օժտված հայ ժողովուրդը կատակեց. այսուհետ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան կոչվելու է «Bundesliga» (Բունդեսլիգա): Այսօր տարաբախտաբար պիտի փաստենք, որ նույն անձին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը կարող է հավակնել Էսէսական համակենտրոնացման ճամբարի «պատվավոր» կոչմանը: ՈՒ հարկ է, որ այն անանցանելի փշալարերով մեկուսացվի նորմալ մարդկանց միջավայրից և անպայմանորեն փշալարերի տաքուկ գրկից բաց չթողնի բոլոր այն մուտանտներին, որոնք հունիսի 17-ից հետո գեթ մեկ անգամ հայտնվել են «Հարսնաքարում» ու որոճացել հանգստի և վայելքի իրենց նիրվանան: Մոտ երկու ամիս առաջ ինքս էլ եղել եմ «Հարսնաքարում», և ինչպե՞ս չեմ գիտակցել, թե ինչ փորձության եմ ենթարկում սեփական կյանքս: Չէ՞ որ տեղյակ չէի հարսնաքարավորների բարձր չափանիշներին, չինաթուրքական արտադրության եվրոամերիկյան պիտակներով հագուստ կրելու բարձրաշխարհիկ նկրտանքներին: Ես, փաստորեն, հրաշքով եմ ողջ մնացել, քանի որ հանդգնել էի նրբաճաշակության ու բարեկրթության այդ օրրան մուտք գործել ջինսով: (Սա հենց այնպես, ի միջի այլոց): Հիմա ի՞նչ, դարձյա՞լ պիտի գործի ընտրախավի համար անփոփոխ ոսկյա կանոնը, դարձյա՞լ անձեռնմխելիները, անկախ ամեն ինչից, պիտի մնան անձեռնմխելի: Եվ ո՞ւմ համար են ղողանջում «Հ1» հեռուստաընկերության «ողջախոհ» զանգերը` Գևորգ Ալթունյանի շուրթերով, թե ռեստորանի տերը որևէ մեղք չունի կատարվածում, թե սպանություններ կատարվում են նաև այլ ռեստորաններում, և իհարկե, մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Քանի՞ անգամ են այդ տրամաչափի մեղավորները ստացել իրենց արժանի պատիժը, որ մենք այսօր հիմքեր ունենանք լավատեսության: Հենց այդ հիմքերի չգոյությունն է այն անկյունաքարը, որի վրա բարձրանում է անպատժելիության գիտակցման ահազարհուր աշտարակը: ՈՒ ե՞րբ է գալու արարչակործան հարվածը այդ աշտարակաշինության հեղինակների բութ կառափներին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ